Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) ներկայացուցիչներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո
Նոյեմբերի 12–14-ը Երևանում կայացած Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025 թ․ ընդլայնված համատեղ նիստի մասնակից Եվրոպական միության առաջատար դատափորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ այդ թվում՝ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահը, Խորհրդի անդամները, մշտական հանձնաժողովների նախագահները, ENFSI-ի փորձագիտական աշխատանքային խմբերի ղեկավարները, նոյեմբերի 14-ին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի գործունեությանը ծանոթանալու, ENFSI-ի կազմում համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով։
Այցի շրջանակներում ENFSI-ի Խորհրդի անդամներն առանձին հանդիպում-քննարկում են ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բ. գ. դ. Արգամ Հովսեփյանի հետ։
Բյուրոյի ղեկավարը Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի բարձրագույն մարմնի անդամներին ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմիններին օժանդակելու հարցում Բյուրոյի ստանձնած առաքելությունը, կազմակերպությունում գործող որակի ապահովման կառուցակարգերը, քննարկել ENFSI-ի աշխատանքներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև փորձագիտական արդի ուղղություններով ENFSI-ի հետ արդյունավետ փոխգործակցության հեռանկարները։
Հանդիպմանը Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան շնորհակալություն է հայտնել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին՝ ENFSI-ի խորհրդի ընդլայնված նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Բյուրոյին՝ ENFSI-ի աշխատանքային խմբերում Բյուրոյի փորձագետների շարունակական ներգրավման, գործնականում ի հայտ եկող խնդիրների լուծման նպատակով մասնագիտական խորհրդատվության տրամադրման, միատեսակ և հավաստի արդյունքներ երաշխավորող փորձագիտական մոտեցումների տարածման նպատակով լավագույն փորձի ներդրման հարցում։
Նույն օրը եվրոպացի բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում ներկայացվել են կառույցի վերջին տարիների ձեռքբերումները, ինչպես մեթոդական ապահովման, այնպես էլ նյութատեխնիկական բազայի հագեցվածության առումով։ Եվրոպացի փորձագետները Բյուրոյի առանձին ստորաբաժանումներում փորձի փոխանակում են իրականացրել հայ փորձագետների հետ՝ ուսումնասիրելով կիրառվող մեթոդաբանությունները, քննարկելով ոլորտային նորագույն միտումները և համագործակցության հնարավոր ուղղությունները։
Ավելի ուշ ընդլայնված հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ENFSI-ի ներկայացուցիչների և Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ENFSI-ի Խորհրդի ընդլայնված նիստը Երևանում անցկացնելու, Բյուրո կատարած այցի, ինչպես նաև ձևավորված գործընկերային և բարեկամական ջերմ կապերի համար։
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցությունը ոչ միայն նպատակ ունի նպաստել փորձագետների որակավորման և մասնագիտական հմտությունների զարգացմանը, այլև բարձրացնել ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների վերապատրաստման և կատարելագործման գործընթացի արդյունավետությունը։
«Մենք պատրաստ ենք ձեզ հետ համատեղ զարգացնել այս կարևոր ոլորտը՝ նպաստելով դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների և օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը»,- ընդգծել է Արգամ Հովսեփյանը:
17 November 2025






.jpg)